ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան, դուռը կողպել. իրավիճակը մնում է ծայրահեղ լարված

27.06.2025 - 12:33 դիտում

ԱԱԾ աշխատակիցները մտել են Վեհարան: Լրագրողները հեռացվել են տարածքից, դուռը ներսից կողպվել է, գործողություններ են իրականացվում:

Միաժամանակ, վեհարանից դուրս իրավիճակը մնում է ծայրահեղ լարված:

Հոգևորականները, ինչպես հայտնել ենք, փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք, սկսվել էր քաշքշուկ հոգևորականների և ուժայինների միջև:

Ինչպես հայտնել ենք, իրավապահներն այս պահին Մայր Աթոռի տարածքում են, որտեղ էլ գտնվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:

Վերջինս Մայր Աթոռի բակում էր բազմաթիվ հոգևորականների և Գարեգին Բ կաթողիկոսի հետ:

Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցեց, որ ինքը չի պատրաստվում թաքնվել:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու և կալանավորման միջնորդություն ներկայացնելու որոշում կա:

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանը նշել էր, որ ըստ ընթացակարգի՝ վերջինս պետք է ներկայանա Քննչական կոմիտե:

Իրավապահները, ինչպես հայտնել ենք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ