ՀՀ զինվորական դատախազը Արցախում հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ԱՀ-ում զինված ուժերի և կայազորների զինվորական դատախազությունների գործակցության, հաստատված նոր իրադրության պայմաններում կայազորների դատախազությունների բնականոն գործունեության ապահովման խնդիրներին առնչվող հարցեր:

Վահե Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինի և Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ:

Քննարկվել են Արցախում ներքին հանրային բնականոն կյանքի վերականգնման, հումանիտար ճգնաժամի վերացման, արցախցիների կյանքի, տեղաշարժի և մյուս կենսական իրավունքների պաշտպանության, անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք աշխատանքները, այդ շրջանակներում իրավական ոլորտում համագործակցության կառուցակարգերն ու եղանակները: Անդրադարձ է կատարվել նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմին իրավական աջակցության ցուցաբերման, զինծառայողների իրավասությունների և պարտականությունների շրջանակներին առնչվող հարցեր:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից