2024-ին միջին ծանրության և ծանր հանցագործությունների թիվը նվազել է, իսկ առանձնապես ծանր հանցագործություններինը՝ աճել

2024 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք, որից 18.397-ը` Երևանում: Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերը նվազել են 434-ով կամ 1,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` ապրիլի 25-ին հրավիրված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ 2023 թվականի համեմատ 2024 թվականին միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6 տոկոսով, ծանր հանցագործությունների դեպքերը` 598-ով կամ 9.8 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1 տոկոսով:

Հաշվետու ժամանակահատվածում 7.6 տոկոսով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 89.5 տոկոսով` մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11.9 տոկոսով` սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, 111.4 տոկոսով` թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները, 9.9 տոկոսով` խարդախության հանցագործությունները և 25.1 տոկոսով` համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները:

2024 թվականին արձանագրվել է ավազակության, կողոպուտի, գողության և մի շարք այլ հանցագործությունների նվազում:

Նշված ժամանակահատվածում 2.2 տոկոսով նվազել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները:

Գլխավոր դատախազը նշել է, որ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ` 10.691 անձի վերաբերյալ, որը 93.5 տոկոսով ավելի է 2023 թվականի համեմատ:

ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումն ընդունել է ի գիտություն:

Related posts

Պատմության մեջ առաջին անգամ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները մեկ առաջնության ընթացքում լավագույնն են ճանաչվել. Արայիկ Հարությունյան

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

«Խաչակնքվում՝ նոր ենք անցնում»․ Գյումրու վթարավտանգ ճանապարհահատվածի մասին