2020-ին երկու անգամ ականատես եղանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ավերմանը. Սոնա Ղազարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում:

Իր զեկույցում պատգամավորն ասել է.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձևաչափերով և տարբեր դերակատարների ներգրավվածությամբ: Հատկապես հատկանշական է Ուկրաինայի գլխավոր դատախազի ներկայացրած տեղեկատվությունն Ուկրաինայում պատմամշակութային հուշարձանների ավերման վերաբերյալ:

Պատմամշակութային հուշարձանների պահպանությունը հավասարապես մեր բոլորի պատասխանատվությունն է` անկախ հուշարձանի մշակութային կամ ազգային պատկանելությունից, որովհետև խոսքը համաշխարհային պատմության պահպանման մասին է:

Անխոս, պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում` պատմության կեղծման հետագա հնարավորությամբ: Ցավով պետք է նշեմ, որ նման դեպքեր տեղի են ունեցել նաև Հարավային Կովկասում: 2020 թվականին մենք երկու անգամ ականատես եղանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ավերմանը:

Եվգենյան անդրադարձել է Բելառուսում, Ուկրաինայում ու Հարավային Կովկասում պատմամշակութային հուշարձանների ավերման դեպքերին պատերազմների ժամանակ: Ես ուզում եմ նախ մի պարզաբանում անել բոլոր գործընկերների համար, քանի որ համարում եմ՝ Հայաստանում մուսուլմանական մզկիթների պահպանությունը պետության պարտականությունն է, և այս առումով, երբ նշվում է մզկիթների ավերման մասին, պետք է ասեմ, որ Երևանում` քաղաքի սրտում, ամենամեծ իրանական մզկիթն է տեղակայված, որը վերանորոգվել և գտնվում է պետական պահպանության ներքո: Հաջորդ մզկիթը, որին ակնարկ է արվել քննարկումների ժամանակ, Կոնդի մզկիթն է: Ուզում եմ տեղեկացնել, որ Կոնդ թաղամասում գոյություն ունի երկու եկեղեցական կոթող. մեկը մզկիթն է, մյուսը` քրիստոնեական մատուռը: Երկուսն էլ այս պահին գտնվում են ոչ պատշաճ վիճակում: Պետությունը դրանք հաշվառել է պետռեգիստրում և ամեն տարի լուսանկարում է` թույլ չտալու, որ դրանք որևէ վնասի ենթարկվեն:

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել նաև Խորհրդային Միության կողմից ինքնության վերացման ձևերից մեկին: Խոսքը Երևանի կենտրոնում Պողոս-Պետրոս եկեղեցու քանդմանը և դրա տեղում կինոթատրոն կառուցելու ԽՍՀՄ որոշման մասին է: Ուշագրավ է, որ եկեղեցու փոխարեն կառուցված կինոթատրոնի անունը «Մոսկվա» է: Սա ընդհանուր զեկույցի տրամաբանությամբ ցույց է տալիս ԽՍՀՄ-ի կողմից վարվող մշակութային ինքնության ջնջման մեկ օրինակ: Ես բերել եմ ինձ հետ լուսանկարներ, որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ կոնտեքստի մասին ենք խոսում, երբ բարձրաձայնում ենք 80-ականների վերջում և 90-ականների սկզբում սոցիալական վիճակով պայմանավորված կոթողների ձևափոխման մասին»:

Related posts

Միրզոյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

Իրանի նախագահի ընտրության նախնական տվյալով առաջատար են Փեզեշքիանը և Ջալիլին

Հրդեհ Քարակերտ գյուղում