2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով՝ Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի։

Այս մասին նախարարը հայտնել է «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում՝ անդրադառնալով Մարմարիկում 2-ամյա Տիգրան Պետրոսյանի կորելու ցավալի դեպքին:
Նախարարը  վստահեցրել է՝ երբ ստացել են ահազանգը, անմիջապես թե՛ փրկարարական, թե՛ ոստիկանական աշխատանքները սկսվել են․ «Մենք երկու ուղղությամբ ենք պատկերացրել աշխատանքը՝ հաշվի առնելով փոքրիկի տարիքը: Այս տրամաբանության մեջ կարող էին լինել մի շարք վարկածներ: Փրկարար ծառայությունը սկսել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը: Մինչ այս պահը աշխատանքներում ներգրավված է եղել շուրջ 1240 փրկարար և շարունակում է ներգրավված լինել»,-ասաց Սարգսյանը:

Ոստիկանական աշխատանքի տեսանկյունից հարցը դիտարկվել է որպես առերևույթ հանցանքի մասին հաղորդում: Սարգսյանը վստահեցրել է՝ մանրամասն դիտարկել են բոլոր վարկածները՝ թե՛ փոքրիկի՝ գետն ընկնելու վարկածը, թե՛ նաև հնարավոր այլ վարկածներ հանցանքի տրամաբանության մեջ՝ առևանգում և այլն: Բոլոր վարկածները մանրակրկիտ ուսումնասիրության առարկա են դարձել:

«Այս պահի դրությամբ շարունակում է հիմնական համարվել գետն ընկնելու վարկածը: Բնականաբար, սա չի նշանակում այլ վարկածներով չզբաղվել: Անգամ ամենափոքր, աննշան տեղեկատվությունը, որը մեզ կարող է թույլ տալ մտածել, որ, միգուցե, այլ վարկած ևս կա, որը կենսական է, ուսումնասիրում ենք: Եվ, ըստ այդմ, բոլոր վարկածները պարբերաբար վերանայվում են և դառնում են նոր քննության առարկա»,- ասել է նախարարը:

Տարածքը նաև ուսումնասիրել են անօդաչու թռչող սարքերով: Այս պահի դրությամբ որևէ դրական ելք չկա: Սարգսյանը նշել է, որ ուսումնասիրել են և շարունակում են ուսումնասիրել արբանյակային հնարավոր լուսանկարները, ընդ որում՝ այնպիսի լուծաչափի, որը թույլ կտա որևէ շոշափելի տեղեկատվություն ունենալ: Այս առումով ևս դրական արդյունքներ դեռևս չկան: Աշխատանքները շարունակվում են․ «Որպես կանոն՝ որոնողափրկարարական աշխատանքները 10 օր են տևում, սակայն այս դեպքով իմ հանձնարարականով շարունակելու ենք որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնել այնքան, քանի դեռ որևէ նորություն չունենանք դեպքի առնչությամբ»։

Related posts

Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

Այսօր մենք հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ ՀՀ նախագահին