Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև հուշագիր է ստորագրվել

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Հայկական կողմը այցելել է Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկա, որտեղ հանդիպել է Հայդելբերգի համալսարանական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրգեն Դեբուսի հետ, որը նաև ճառագայթային ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժշկական տնօրենն է:

Գործընկերների հետ հանդիպման ժամանակ Լենա Նանուշյանն ընդգծել է, որ առողջապահական նորարարությունների և տեխնոլոգիաների ներդրման ընդլայնման միջոցով հնարավոր կլինի խթանել և ամրապնդել առողջապահության ոլորտում երկու երկրների շարունակական գործակցության շրջանակները։

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հայդելբերգի համալսարանական կլինիկայի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քննարկում, լավագույն փորձի և հմտության փոխանակում, որտեղ մասնագետները ներկայացրել են օնկոլոգիական հիվանդությունների բուժման նորագույն մոտեցումներն ու մատուցվող ծառայությունները երկու երկրներում:

Այնուհետև շրջայց է եղել համալսարանական կլինիկայի բաժանմունքներում:

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի ստորագրումը լայն հնարավորություն է երկու պետությունների բժշկական հաստատությունների միջև կապերի ձևավորման համար, այդ թվում` համատեղ հետազոտությունների, կլինիկական դիտորդական ծրագրերի մշակման և իրականացման, վերապատրաստումների, գիտաժողովների, ինչպես նաև` ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակման տեսանկյունից:

Related posts

Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք