Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում

Քանի որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ՝ թե՛ իմ թիմակից (ՔՊ ֆրակցիայից) և թե՛ ընդդիմադիր խմբակցություններից, վերջին օրերին՝ այսօր ևս, պարբերաբար իրենց խոսքում անդրադառնում են ՀԷՑ-ին, պարզապես հարկ համարեցի մատնանշել 5 նշանակալի ձեռքբերում, որոնց հասել ենք պետական միջամտությամբ՝ ՀԷՑ-ի շուրջ մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
  1. ՀՀ 1.000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ը բարելավել է իր դիրքերը 8 կետով՝ 21-րդից բարձրանալով 13-րդ հորիզոնական (2026 թ. առաջին կիսամյակում վճարելով 62%-ով ավելի հարկեր, քան 2025 թ. նույն շրջանում):
  2. Միջազգային ու տեղական մի շարք բանկերի նկատմամբ ունեցած՝ ՀԷՑ-ի շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի պարտավորություններից մարվել են մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկեր (այդ թվում՝ վաղաժամկետ), իսկ ֆինանսական շուկայում ՀԷՑ-ի պարտատոմսերի անվանական արժեքը թանկացել է 7-10%-ով։
  3. ՀՀ-ում հյուրընկալվող COP17 գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով ՀԷՑ-ի պատվիրակմամբ առաջին անգամ մեր երկրում կառուցվում է 35/6 կՎ բարձր լարման նոր մոդուլային ժամանակակից ենթակայան (ծրագրի արժեքը՝ 1,2 մլրդ ՀՀ դրամ)։
  4. Բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են մինչև 40%-ով, իսկ գործող հզորությունների ավելացման գործակիցները՝ մինչև 55%-ով։ Արդյունքում՝ 4-5 անգամ ավելացել են էներգահամակարգը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու հայտերը։
  5. Ընկերության աշխատակիցների կեսից ավելիի դեպքում (3400-3500 անձ) բարձրացել են աշխատավարձերը՝ 12-25%-ի չափով, երեք և ավելի անչափահաս զավակներ ունեցող ՀԷՑ-ի շուրջ 400 աշխատակիցների համար ՀԷՑ-ը փոխհատուցում է էլէներգիայի ամսական ծախսը, իսկ գլխամասային գրասենյակում շուրջ 500 աշխատակցի համար ընկերության հաշվին մատուցվում է անվճար որակյալ սնունդ։
«ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- նշել է նա։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել