Չլինի այնպիսի տպավորություն, որ ապօրինի գույքը մահակ է, որը օգտագործվում է միայն և միայն ընդդիմադիրների դեմ։ Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Դիտարկմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Որպեսզի բոլորը օրենքի առաջ հավասար լինեն, պետք է բոլորը հավասար չափով թալանած լինեն։ Ես չեմ կարծում, որ ձեր և հարևան խմբակցության հետ մրցակցել և հավասարվել հնարավոր է, և ընդհանրապես հնարավոր է՝ այդպիսի իրավիճակի կրկնություն ՀՀ-ում։ Ես կարծում եմ, որ իրադրությունները, սկսած աղիողորմ մռնչյուններից, որ հնչում են, դաս են բոլոր նրանց համար, որ ժողովրդից և պետությունից թալանված ոչ մի լումա որևէ մեկը չի մարսելու, ով ուզում է լինի և որտեղից ուզում է լինի։ Եվ ավելին, ես արդեն ասել եմ, որ օրենքում պետք է փոփոխություն կատարվի, և ապօրինի գույքը 100 տոկոսով պետք է բռնագանձվի։ Նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնել»։