Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցի Լոռու մարզի Օձուն գյուղում։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Ներկայումս գործում է։ Ընդգրկված է Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Դեբեդի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, պարուրված այգիների կանաչով, բազմել է Օձուն գյուղը՝ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ծննդավայրը։

Գյուղի տարածքը հարուստ է պատմական կոթողներով՝ ամենուր հառնում են տարբեր դարաշրջաններին վերաբերող հուշարձաններ, որոնց մեջ առանձնանում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից՝ Օձունի հոյակերտ գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որը վեր է խոյանում գյուղի կենտրոնում և իր դիրքով իշխում շրջակայքի վրա։

Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։

Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան