Քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Տրդատ Սարգսյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Ծնվել է 1989 թվականին Երևանում: 2011 թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը (բակալավրիատ), 2013 թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան, 2016 թ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը (բակալավրիատ):

2007-2009-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում, պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով:

2015-ին անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 2016-2018 թթ. եղել է «Համալսարանականներ» համատիրության կառավարիչ: 2018-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, 2018-2019-ին եղել է Վայոց ձորի մարզպետ: 2020-2022-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար:

2021-2026-ին եղել է ԱԺ պատգամավոր («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակ), եղել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2026-ին պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Իր ելույթի ժամանակ Տրդատ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե 9-րդ գումարման ԱԺ-ի համար հանձնաժողովի առջև դրված խնդիրը պետք է ավելի լայն լինի, և որ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրումը չի կարող սահմանափակվել միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներով:

«Հայաստանի տնտեսական հնարավորությունները մեծապես կապված են տարածաշրջանային կապերի զարգացման հետ: Այստեղ ես առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր խաղաղության օրակարգին: Խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ, խաղաղությունը նաև տնտեսական կապերի, հաղորդակցությունների, առևտրի, ներդրումների և մարդկանց միջև կապերի զարգացման հնարավորությունն է:

Եթե խաղաղության գործընթացը շարունակվի և ամրապնդվի, ապա տարածաշրջանի երկրների, տնտեսական և քաղաքական հարաբերությունների միջև նոր հնարավորություններ են ձևավորվելու, և այս նոր իրականությունը պահանջելու է նաև խորհրդարանական ակտիվ դիվանագիտություն»,- ասաց նա:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել