«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովի ընթացքում իր ելույթում համոզմունք հայտնեց՝ կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է:

Նա հիշեցրեց, որ իրենք 2015-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովում հաստատված կոնկրետ ծրագրով են հանդես եկել հանրության առաջ:

«Կուսակցության անդամները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու եղանակ: Սա արձանագրվել է 2015 թվականին կուսակցության հիմնադիր համագումարում, և սա ճշգրիտ այն է, ինչ տեղի է ունեցել 2015 թվականից հետո մինչև 2018 թվականին ոչ բռնի, Թավշյա ժողովրդական հեղափոխությունը և դրանից հետո:

Եվ այսօր է դրա արձանագրման ճիշտ պահը, որ, այո՛, մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իրենք անցկացրել են 2 խորհրդարանական ընտրություններ և ՏԻՄ ընտրություններ:

«Խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող: Պետք է արձանագրեմ, որ մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ն այսօր վստահ և հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ այսօր ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային վարկանիշներում Հայաստանը առաջ է նույնիսկ ԵՄ որոշ երկրներից:

«Սա մի փաստ է, որը պետք է արձանագրենք»,- նշեց Փաշինյանը:

Related posts

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ԲԸՏՄ-ն հորդորում է խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից

Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ