Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ:

Նախարարի տեղակալը ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Քննարկվել են նաև տարածաշրջանի զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն