Փաշինյանն ու բրիտանացի նախարարը անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին:

Վարչապետը ողջունել է պարոն Դոքերթիի այցը Հայաստան և կարևորել Միացյալ Թագավորության հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն ունեն առաջընթացի մեծ ներուժ:

Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ:

Մասնավորապես, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցությանը, արևային էներգետիկայի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկա բրիտանացի ներդրողների ներգրավմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը: Վարչապետը նշել է, որ ոչ միայն միջանցքը շրջափակելու, այլ նաև ԼՂ ժողովրդին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից զրկելու Ադրբեջանի քաղաքականության նպատակն է էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:

Related posts

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Շվեյցարիան