Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա զարգացման քայլերը

Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների և TRIPP նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի համար այս կարևոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։

Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկկողմ և բազմակողմ հարթակներում։

Related posts

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև

Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է