Ուկրաինայի վերակառուցման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան հայտարարել է, որ հոկտեմբերի լույս 2-ի գիշերը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին, գրում է Сurrent time-ը։ Նրա փոխանցմամբ՝ ռուս զինվորականները հարվածել են Օդեսայի «Ուկրզալիզնիցա» կայարանին, որի հետևանքով վիրավորվել է գնացքի մեքենավարը։ Հարձակման են ենթարկվել նաև երկրի հյուսիսում գտնվող երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտները, այդ թվում՝ Սումիի մարզի Կոնոտոպ քաղաքում։ Գնացքները կանգ են առել տուժած տարածքից անվտանգ հեռավորության վրա, և այսօր առավոտից բոլորը շարունակել են շարժը, իսկ օդային էլեկտրահաղորդման գիծը վերականգնվել է։ «Հարձակման պատճառով Չեռնիգովի և Սումիի ուղղությամբ որոշ գնացքների ուշացումներ կան։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նույնիսկ նման զանգվածային հարձակումները չխաթարեն Ուկրաինայի տրանսպորտային զարկերակները»,- գրել է Կուլեբան։ Օդեսայում, բացի դեպոյից, վնասվել է նաև մասնավոր տուն։ Մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկի շրջանի Պոկրովսկ համայնքում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել մասնավոր տանը և մեքենաներում. տուժածներ չկան։ Բուչայում հրդեհ է բռնկվել չգործող առողջարանի երկհարկանի շենքում, որի հետևանքով վիրավորվել է մեկ տղամարդ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը գիշերն Ուկրաինայի վրա արձակել է 86 անօդաչու թռչող սարք, որից 53-ը խոցվել կամ ճնշվել է։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հայտարարության համաձայն՝ վեց վայրում գրանցվել է 31 անօդաչու թռչող սարքի հարված։