Փաշինյանը ներքաղաքական հարցերում ապավինում է ժողովրդի կամքին. ԱԽ քարտուղարը հերքում է ՀԱՊԿ առաջնորդներից ցույցերի հարցով օգնություն խնդրելու լուրը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա վերջին այցի շրջանակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջնորդներից աջակցություն է խնդրել՝ Հայաստանում ընդդիմության ցույցերի, անհնազանդության ակցիաների հետ կապված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, մասնավորապես ասաց.

«Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում, և բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է: Ուզում եմ արձանագրել, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին: Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծած լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին, և ճգնաժամին լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում»:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրների անհնազանդության գործողություններին՝ ԱԽ քարտուղարը շեշտեց՝ ցույցերի կազմակերպիչներն ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը, իսկ օրենքի և օրինականության շրջանակներում դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը: Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,-ասաց Գրիգորյանը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում