Փաշինյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

Կահիրեում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Վերջինս կարևորել է միջազգային տարբեր հարցերի շուրջ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, այդ թվում` դիրքորոշումների ու տեսակետների ներկայացման նպատակով: Ահմեդ Աբուլ Ղեյտը հիշատակել է հայ և արաբ ժողովուրդների դարավոր սերտ կապերը, ինչը լավ հիմք է համագործակցության զարգացման համար: Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ և հավելել, որ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես՝ Գազայի հատվածում, ստեղծված իրավիճակի շուրջ: Կարևորվել է խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Related posts

Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին

Խարդախությամբ ուսանողներից գումարներ են հափշտակվել. ուսհաստատությունների 3 ղեկավարի և 2 աշխատակցի վերաբերյալ մեղադրանքով վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանրապետության հրապարակը մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի 24:00-ն փակ կլինի