Տրանսպորտային ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս. Զախարովա

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հիմք է դիտարկում բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները եւ շարունակում է ակտիվ աշխատանքը Երևանի և Բաքվի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումը, խաղաղ պայմանագրի համաձայնեցումը:

«Հաղորդակցության ապաշրջափակման հարցերը քննարկվել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 26-ին կայացած հանդիպման ընթացքում: Հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ առաջիկայում փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի անցկացման վերաբերյալ: Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մինչև այս շաբաթվա վերջ ծրագրված են շփումները Բաքվում ԱԳՆ գծով», – ասել է Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը արձանագրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են միմյանց ընդառաջել, մշակվում են եռակողմ շփումներ այդ թեմայով:

«Ակնհայտ է, որ տարբեր ձեւաչափերով իրական աշխատանքը արդյունք է տալիս: Մենք, այսպես թե այնպես, մնում ենք գոյություն ունեցող ձևաչափերում, տեսնում ենք, որ այնտեղ աշխատանքը ընթանում է: Հիմնական նշանակությունը տալիս ենք այն փաստաթղթերի ձեւաչափերին եւ իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս: Այդ արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ընդհանրապես», – եզրափակել է Զախարովան:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան