Տնտեսությունից մինչև կրթություն և զբոսաշրջություն. Փաշինյանն ու Մոդին քննարկել են համագործակցության զարգացումը

Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման փաստը և կարևորել փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին շեշտել են, որ Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել և պատրաստակամություն հայտնել շարունակելու ջանքերը՝ այն էլ ավելի խորացնելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության ու դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Ընդգծվել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հետագա կազմակերպումը կօժանդակի գործընկերության խորացմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հնդկաստանի վարչապետին հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու հրավերը և պատրաստակամություն հայտնել նույնպես պատեհ առիթով այցելել Հնդկաստան։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացման ընթացքին:

 

Related posts

Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են 32 փաստաթուղթ, այդ թվում՝ հավերժ բարեկամության մասին պայմանագիր

Միրզոյանը արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետ և «Ախուրյան» կայարան