Տարրական դասարանների բոլոր երեխաները կապահովվեն անվճար դասագրքերով

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի` տարրական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:

Սիսակ Գաբրիելյանի տեղեկացմամբ` գործող օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների աշակերտներին:

Ըստ էության, նախագիծն ամբողջությամբ ընդունվելուց հետո տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ հանգամանքից` սովորում են պետական թե ոչ պետական դպրոցում, գրքերը կստանան անվճար: Հանրապետությունում այսօր գործում են ոչ պետական 48 դպրոցներ, որոնց տարրական դասարաններում սովորում են ավելի քան 4000 երեխաներ: Պետական դպրոցների տարրական դասարաններում սովորողների թիվն ավելի է 54 հազարից:

Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել հունվարի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծի քննարկումը լրամշակման նպատակով հետաձգվել է մինչև երկու ամսով: Նախաձեռնության հետ կապված` հանձնաժողովի որոշմամբ հունվարի 25-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից