Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» արգելավայրը չէ. պարզաբանում

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ գրառման:
«Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում է ՀՀ տարածքում։
«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։
Այնտեղ մինչ պատերազմը իրականացվել են նաև սահմանների երկայնքով հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։
Կից ներկայացնում ենք նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրի առաջին սահմանասյան լուսանկարը, որը մինչ պատերազմն ըստ սահմանային կոորդինատների տեղադրվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանապետության սահմանին, և որը սահմանային փոփոխության չի ենթարկվել:
Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:

Related posts

Դեսպան Վահագն Աֆյանը Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի առավելությունները

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է