Վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման. ՀՀ ԱԳՆ

Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը, որը նշանակալի կերպով նախանշեց երկու երկրների միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Այս առանցքային փաստաթուղթն ուրվագծեց հետագա տարիների ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջմղման ուղենիշները՝ բազմադարյա եղբայրության, վստահության և փոխադարձ հարգանքի ոգով:

Անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Երևանի և Մոսկվայի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին և Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։ Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության ուղղությունների լայն շրջանակով, այն լրացնում կոնկրետ բովանդակությամբ և բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։

Վերահաստատում ենք մեր անշեղ նպատակամղվածությունը՝ շարունակելու բոլոր ուղղություններով սերտ, փոխվստահելի երկխոսությունը և առավելագույնս իրացնելու առկա ներուժը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման նպատակով:

Երկկողմ հարաբերությունների ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև վստահության վրա հիմնված պարբերական շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել առկա խնդիրները, այլև՝ համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ:

2022 թ. ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ արձանագրված է 1997 թ. Պայմանագրով ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:

Այս առումով մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար։

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը:

Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է։

Մենք մեծապես արժևորում ենք եղբայրական Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը և վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման։

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան