Վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրերում վաճառքի գնի փոխարեն նշելով տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարներից էականորեն ավելի ցածր գին:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել վերոնշյալ անձանց կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի ապրիլի 25-ին դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Մ.-ի և Գ.Վ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Մեղադրանք ներկայացնելուց հետո, վերոնշյալ անձինք վերականգնել են պետությանը պատճառված վնասից 75 միլիոն դրամը:
Նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

Մայիսյան տեղատարափ Հառիճավանքում

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել