Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին:

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ տիկին Դոնֆրիդի այցը ևս մեկ հնարավորություն է քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը ՀՀ Կառավարության ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում` հավելելով, որ ժողովրդավարության զարգացումը գործադիրի կարևորագույն առաջնահերություններից մեկն է:

Քերըն Դոնֆրիդի խոսքով` ԱՄՆ վարչակազմը ևս կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ուստի ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային  անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեությանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության և կարևորել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Related posts

Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Թուրքիայի արտահանումը հարևան երկրներ գերազանցել է 23.4 մլրդ դոլարը

Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը