Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման և դրա հետ կապված ընդհանուր միտումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկողության ուղղությամբ իրականացված աշխատանքին, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների բարեվարքության համակարգում ներդրված օրենսդրական փոփոխություններին: Մանրամասներ են ներկայացվել նաև հայտարարագրման, մասնավորապես՝ հայտարարագրերի վերլուծության, ծանուցման գործընթացների արդյունքների վերաբերյալ և այլն: Մարիամ Գալստյանը ներկայացրել է նաև թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի, կուսակցությունների ֆինանսական հաշվետվության, ԿԿՀ էլեկտրոնային հարթակի, հակակոռուպցիոն կրթության էլեկտրոնային հարթակի մասին:

Վերոնշյալ հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները մտքեր են փոխանակել հանձնաժողովի գործունեության մեխանիզմների շարունակական զարգացման, բարեվարքության համակարգի կատարելագործման, հայտարարագրման համակարգի բարելավման և այլ թեմաների շուրջ:

Վարչապետն ընդգծել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման կարևորագույն նախադրյալներից է ոչ միայն քաղաքական կամքը, այլ նաև ինստիտուտների զարգացումը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ խնդիրը շատ ավելի գլոբալ է և չի վերաբերում միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Վարչապետի խոսքով՝ այն պետք է նաև դիտարկել դատաիրավական համակարգի համատեքստում և սոցիալ-հոգեբանական ոլորտում: Այս առումով վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն կրթության քաղաքականությունը և ընդգծել, որ ժամանակին ռազմավարական որոշումներ են կայացվել՝ պետական գերատեսչություններում հակակոռուպցիոն ընկալումների մեծացման նպատակով հաղորդակցություն ապահովելու ուղղությամբ: «Դրա կարիքը միանշանակ կա, որովհետև մարդկանց իրազեկվածությունը կոռուպցիայի և նրա տարբեր դրսևորումների մասին ամեն անգամ և որոշակի պարբերականությամբ թարմացնելը շատ կարևոր է: Այս առումով՝ կարևոր եմ համարում, որ մեր օրենսդրությունների փոփոխությունները կարողանանք գերատեսչություններում, պաշտոնյաներին և այն մարդկանց, ում դա վերաբերում է, կոմունիկացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այդ աշխատանքը պետք է իրականացնել շարունակական կերպով:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում