Վարչապետին ներկայացվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2022թ. կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, կառույցի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին են ներկայացվել 2022թ. «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից 3 հիմնական ուղղությամբ իրականացված աշխատանքները, այն է՝ «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացում ուղեկցում, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկում և Հայաստանի ներդրումային միջավայրի առաջմղում, նոր ներդրումների ներգրավում:

Զեկուցվել է, որ հաշվետու տարում «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել ավելի քան 610 գործարար և ներդրող, իսկ ստեղծումից ի վեր կառույցը տարբեր փուլերում աջակցություն է տրամադրել ավելի քան 1600 գործարարի։ Աշխատանք է տարվել 280-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ: Ուղեկցվող ընթացիկ ներդրումային ծրագրերի թիվը 40 է՝ 2.4-3.2 մլրդ ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով, արդեն մեկնարկել է 26 ծրագիր՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով:

Վարչապետին ներկայացվել են նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ 2023թ. ծրագրված աշխատանքները: Նշվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ակտիվացնել թիրախային աշխատանքը՝ օտարերկրյա ներդրողների հետ ուղիղ շփումների, միջազգային հեղինակավոր միջոցառումներին մասնակցության, թվային և այլ հարթակներում Հայաստանի առաջմղման, արտերկրում ձևավորված ներկայացուցիչների ցանցի և ինստիտուցիոնալ գործակցության միջոցով:

Հաշվետվության ներկայացմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը, որի շրջանակում քննարկվել են ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ անելիքներին և միջոցառումներին առնչվող հարցեր: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել ներդրումային գործընթացի ուղեկցման մոդելների, ընթացիկ ու նախատեսվող ծրագրերի, «Էնթերփրայզ Արմենիա»-ի զարգացման տեսլականի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ներդրումների ներգրավման, ներդրողներին օժանդակության մեխանիզմների և գործիքակազմի շարունակական բարելավումը՝ Կառավարության հաստատած ռազմավարական մոտեցումներին համապատասխան: Խորհրդակցության արդյունքներով Կառավարության ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից