Վարորդական վկայական ստանալու որակավորման քննությունների վերահանձնում սեղմ ժամկետներում և հաշվառման վկայագրերի առաքման նոր հնարավորություններ

Սեպտեմբերի 1-ից վարորդական քննությունների վերահանձնման գործընթացում փոփոխություններ են նախատեսվում։

Քաղաքացիները հնարավորություն կունենան վարորդական վկայական ստանալու քննությունը առաջին անգամ բացասական ստանալուց հետո վերահանձնել հաջորդ օրը՝ հավելյալ վճարի դիմաց, օնլայն գրանցմամբ։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:

Մինչ փոփոխությունը՝ քննություններից բացասական գնահատական ստանալու դեպքում քաղաքացին կարող էր նորից հերթագրվել 1 շաբաթ անց։

Հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և առաջարկությունները՝ նախատեսվում է ներդնել արագացված ծառայություններ։

Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝

հաջորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,

երրորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետևյալ նոր ժամկետներում՝

յոթերորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,

տասնչորսերորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Նշենք նաև, որ մեկ այլ կարգավորմամբ՝ կրկին սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնելիս հնարավոր կլինի հաշվառման վկայագիրը ստանալ փոստային առաքման եղանակով։

Related posts

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է