Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ ձայներով վավերացրեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

Համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, դեմ՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները։

Համաձայնագիրը խորհրդարանին ներկայացրել էր ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Հոկտեմբերի 27-ի քննարկման ընթացքում նա ընդգծել էր, որ Հայաստանի տարածքում նախատեսվող բոլոր ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Նախարարի ներկայացմամբ՝ նախագիծը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում՝ Հայաստանին հնարավորություն տալով Ադրբեջանի տարածքով կապվել երրորդ երկրների հետ և ապահովել նաև ներպետական երկաթուղային հաղորդակցություն։ Ադրբեջանն իր հերթին Հայաստանի տարածքով կապ կստանա Նախիջևանի հետ։

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն», որի բաժնեմասերի 26 տոկոսը պատկանելու է Հայաստանին, 74 տոկոսը՝ ամերիկյան կողմին։ Սկզբնական ժամկետը 49 տարի է։ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու դեպքում Հայաստանի բաժնեմասը կհասնի 49 տոկոսի, ամերիկյան կողմինը կլինի 51 տոկոս։

Միրզոյանը հոկտեմբերի 27-ին հայտնել էր նաև, որ դեռ պետք է համաձայնեցվեն և ընդունվեն ընկերության կանոնադրությունն ու բաժնետերերի համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ ամերիկյան համահիմնադիր ընկերությունը մշտապես գտնվելու է ԱՄՆ կառավարության սեփականության և կառավարման ներքո։

Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում, և հունիսի 4-ին՝ Երևանում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու Արարատ Միրզոյանի կողմից։

 

 

Related posts

Կլինի սովորական ռեժիմ. Մհեր Գրիգորյանը՝ TRIPP-ի շրջանակում ուղևորափոխադրումների մասին

Գործընթացը, կարելի է ասել, 99 տոկոսով ավարտված է. Պապոյանը՝ խաղողի մթերման մասին

Այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ մեր ուղիղ երկխոսության միջով. Միրզոյանը՝ գերիների հարցի մասին