Վաշինգտոնում Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 13-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով տեղակալ Ջեֆրի Փայեթի հետ։

Այս մասին նախարարը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս իրականացման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները, ներկայիս տնտեսական իրավիճակը և Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակ» շնորհելու ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը։

Նույն օրը հանդիպում է կայացել նաև ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակի Եվրոպայի և Միջին Արևելքի հարցերով փոխքարտուղար Բրայան Թրիքի հետ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ՀՀ-ում ծրագրերի իրականացումը, արտահանման դիվերսիֆիկացման ծրագրի մշակման օժանդակությունը, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի վերջերս կայացած նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման անհրաժեշտությունը։

Կարևորվել է բոլոր նախանշված ուղղություններով աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում