Քննարկմանը մասնակցել են Առողջապահության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, «Արմեդ» համակարգի, ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ:
2021 թվականի հունվարի 1-ից Առողջության ապահովագրության հիմնադրամում գրանցված են 72 ստոմատոլոգիական կլինիկաներ, որոնք ունեն լիցենզիա ստոմատոլոգիական գործունեությամբ զբաղվելու և միաժամանակ գրանցված են «Արմեդ» համակարգում:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ «Արմեդ» համակարգը կապի տարբեր միջոցներով՝ վեբինարներով, մեթոդական ձեռնարկներով, հաղորդակցվում է ոլորտի շահառուների հետ: Բժշկական հաստատությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին մատնանշել են այն խնդիրները, որոնց բախվում են համակարգից օգտվելիս: Բարձրացվել են փոքր և մարզերում ծառայություններ մատուցող կլինիկաների՝ համակարգից օգտվելու սահմանափակ հնարավորությունների, շահառուների շրջանում իրազեկման անհրաժեշտության հարցերը, համակարգ ծառայությունների մուտքագրման և նույնականացման ընթացքում առաջացող և այլ խնդիրները: Քննարկվել է նաև ՊԵԿ վճարումները, ըստ օրենքի, «Արմեդի» համապատասխան ծածկագրի միջոցով իրականացնելու խոչընդոտներին վերաբերող հարցը: ՊԵԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կառույցը լայնածավալ իրազեկում է իրականացրել, անգամ հասցեական իրազեկել է ընկերություններին, որպեսզի վերջիններս օրենքով սահմանված պահանջները կատարեն և չտուգանվեն:
Քննարկումների ընթացքում աշխատանքային խումբ ստեղծելու, խնդիրները փուլային տարբերակով լուծելու և ճանապարհային քարտեզ մշակելու առաջարկ է հնչել: