Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակցության հերթական ցույցի մասնակիցների դեմ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։

Ցուցարարները հավաքվում են Սարաչխանե պուրակում և քաղաքապետարանի դիմացի հրապարակում։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը հերթական անգամ բողոքի ակցիաների կոչ է արել։ Կիրակի ավելի շատ ցուցարարներ են հավաքվել, քան նախօրեին:

Հավաքվածների մեծ մասն իրեն խաղաղ է պահել՝ դրոշներ են ծածանել և կարգախոսներ բացականչել:

Ընդ որում՝ ոմանք շշեր ու հրավառություն են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ուժայինները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։

Միաժամանակ, Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման ֆոնին կոչ է արել Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրություն անցկացնել։

Մարտի 19-ին իրավապահները ձերբակալել էին Իմամօղլուին կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապ ունենալու գործով։

Պաշտոնյան ցուցմունք տալիս հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։

Հիշեցնենք՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել:

Էքրեմ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահի հաջորդ հերթական ընտրությունում ընդդիմադիր հիմնական թեկնածուն և նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցը։

Related posts

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Մարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. Նեթանյահու