Սպանությունը Մերձավանում այս տարվա փետրվարին տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ

Մերձավանի միջադեպի, ըստ քննությունների՝ այս պահին առկա տվյալների, վարկածը շարունակում է մնալ այն, որ սա այս շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա հիշեցրեց՝ փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել, նաև հնչել էին կրակոցներ:

ՆԳՆ խոսնակի խոսքով՝ ըստ քննության արդյունքների՝ դա եղել էր մեքենան արագ վարելու, ինչպես նաև չբարևելու հարցի շուրջ ծագած միջադեպ, ինչի հետևանքով ծեծկռտուքը շարունակվել էր, հնչել էին նաև կրակոցներ և ծեծկռտուքի ընթացքում Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազանային վնասվածք ու մահացել:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ, դեպքը բացահայտվել էր, տասնյակից ավելի մարդկանց առաջադրվել էին մեղադրանքներ, եղել են ձերբակալվածներ ու կալանավորվածներ:

«Ըստ էության, սա փետրվարյան իրադարձության շարունակությունն է՝ միջանձնային հարաբերությունների՝ կոնֆլիկտի տրամաբանության մեջ: Իսկ այս վերջին՝ սեպտեմբերի 23-ի դեպքով սպանվել է փետրվարյան դեպքով անցնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վալոդյա Գրիգորյանը»,- հայտնեց նա՝ տեղեկացնելով, որ փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ՝ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ:

Նրա խոսքով՝ փետրվարյան դեպքից հետո տասնյակից ավելի անգամներ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ կողմերը պետք է հավաքվեն ու պարզեն հարաբերություններ, անձանց հետ կատարվել են բացատրական աշխատանքներ:

«Հենց այս պահին էլ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում, կան տեղադրված ոստիկանական հենակետեր՝ հետագա հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար»,- հավելեց Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործով ձերբակալված կա:

Իր հերթին, ՔԿ-ն մանրամասներ էր հայտնել Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործից:

Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:

Մեկ անձ վիրավոր էր, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Սեպտեմբերի 25-ին նա գիտակցության էր եկել և հարցաքննվել:

Տեսագրությամբ արձանագրվել էր, որ դիմակավորված անձը վազելով մոտեցել էր Վալոդյա Գրիգորյանին ու մյուսներին, կրակահերթ արձակել ու դիմել փախուստի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ