Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու և տարածաշրջան այցելելու համար՝ պաշտպանության նախարարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է: Իրավիճակի հանգուցալուծման առումով պաշտպանության նախարարը շեշտել է տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր խոսքում ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ` շեշտելով առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Տոյվո Կլաարը վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը:

Related posts

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ուկրաինական դրոնները հարձակվել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում