Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը

9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում չընդգրկված նախագծերից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանի, Զարուհի Բաթոյանի և Ծովինար Վարդանյանի առաջարկած նախագիծն է, որը վերաբերում է ընտանեկան-կենցաղային բռնության կանխարգելմանը:

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ նախագիծը մակագրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրայի հարցերի հանձնաժողովին, որը ղեկավարում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Մենք՝ համահեղինակներս, սպասում ենք, որ նախագծին գրավոր առաջարկներ լինեն, բնականաբար, դրանք կքննարկվեն:

Հնարավորությունից օգտվելով՝ ուզում եմ հերթական անգամ վերահաստատել առաջին տիկնոջ առաջարկը: Խոսքս ուղղեմ հատկապես ընդդիմադիր ֆրակցիաների կանանց՝ ընդունելու տիկին Աննա Հակոբյանի առաջարկը՝ այս նախագիծը քննարկելու իր ներկայությամբ ձեր ֆրակցիաներում, որովհետև ես կարծում եմ, որ առհասարակ բռնության կանխարգելումը բխում է բոլորիս, բոլոր հայաստանցիների շահերից, և առաջարկում եմ հյուրընկալել տիկին Աննա Հակոբյանին ձեր խմբակցություններում»,- ասաց պատգամավորը:

Հանդիպման նպատակը, ըստ Սոնա Ղազարյանի, պետք է լինի նախագծի քննարկումը, որպեսզի բռնությունը հաղթահարվի՝ անկախ քաղաքական հայացքներից:

Աննա Հակոբյանն առաջարկում է Ազգային ժողովին օրենսդրական փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որպեսզի ընտանեկան բռնությունը ճանաչվի առանձին, ինքնուրույն հանցագործություն: Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորներին ու խմբակցությունների ղեկավարներին՝ կոչ անելով միանալ օրենսդրական գործընթացին։

Related posts

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը

Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու

Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը