Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարության ծավալուն աշխատանքներ են իրականացվում. ՀՀ վարչապետ

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանից ստացված ոչ պաշտոնական ծանուցման մասին, ըստ որի՝ նրանք պատրաստվում են Էյվազլի- Չայզամի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ:

«Օգոստոսից Ադրբեջանը Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, այսինքն՝ մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում: Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ:

Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր-Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը: Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ նախորդ հինգշաբթի ինքն այդ ճանապարհով գնացել է Կապան:

«Կարող եմ վկայել, որ ստացել ենք իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար, պիտի ասեմ՝ չնայած որ Կապան մեկնելիս և վերադառնալիս այդ ճանապարհին տեսել եմ մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում՝ ԻԻՀ, որոնք ազատ երթևեկում էին: Երեկ մինչև կեսգիշեր և դրանից հետո, այսինքն՝ մինչև լուսաբաց, Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում, այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել նաև Տաթև-Աղվանի ասֆալտապատ ճանապարհով, առանց լրացուցիչ մաքսատուրքի:

«Նոր երթուղով Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ երթևեկության ժամկետը չի ավելանում, ընդհակառակը՝ մի քիչ էլ կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը: Սրան գումարենք նաև այն, որ Երասխ-Գորիս հատվածում այս պահին էլ տեղի են ունենում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ, և ճանապարհի որակն էականորեն փոխվում է: Շեշտեմ, որ այլընտրանքային ճանապարհների շինարարության ծավալուն աշխատանքներ են իրականացվում Տաթև-Լծեն հատվածում, Շուռնուխի և Որոտանի հատվածում, մի քանի այլ հատվածներում ևս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ․ Բագրատ Սրբազան

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է