Երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ «միջանցքային տրամաբանություն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվել Ադրբեջանի երեկվա որոշմանը:

«Շահարկումներից խուսափելու համար պիտի հիշեցնեմ և ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում: Խոսքն Էյվազլիի հատվածի մասին է: Հիմա կարող է այլ հարց ծագել. իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր «միջանցքային տրամաբանությունը», ինչն անընդունելի է մեզ համար:

Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն՝ առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի և համապատասխան մաքսային, անձնագրային հսկողության: Այսինքն՝ երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ սա ֆիքսված է փոխվարչապետների եռակողմ՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ֆորմատում:

«Կարևոր է նաև նշել, որ վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև ՌԴ-ն: Եվ այս համատեքստում է թերևս Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը նույնպես, ըստ անհրաժեշտության, անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր:

Վարչապետն ավելացրեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակելու մասով:

«Մենք շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաներն ապաշրջափակելու հարցում և հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների՝ եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված և հայտարարված սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ․ ԱԱԾ

Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել

Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. Ոստիկանություն