Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ

Հրազենային վիրավորում ստացած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին վտանգ չի սպառնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սլովակիայի փոխվարչապետ Թոմաս Տարաբան։

«Որքանով գիտեմ, վիրահատությունը լավ է անցել, և կարծում եմ, ի վերջո, նա ողջ կմնա։ Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում», – ասել է Տարաբան BBC-ին։

Նա հավելել է, որ վարչապետի վրա կրակել են շատ մոտ հեռավորությունից․ փամփուշտներից մեկն անցել է նրա ստամոքսի միջով, իսկ երկրորդը հոդն է վնասել։

Ավելի վաղ Սլովակիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Ֆիցոն պայքարում է կյանքի համար։

Մայիսի 15-ին՝ Հանդլովա քաղաքում կողմնակիցների հետ հանդիպումից հետո, երբ Սլովակիայի վարչապետը դուրս է եկել շենքից, մի տղամարդ մի քանի անգամ կրակել է նրա վրա։

Երկրի ներքին գործերի նախարարն այս հարձակումն անվանել է քաղաքական դրդապատճառներ ունեցող մահափորձ։

Ոստիկանությունն առայժմ չի բացահայտել կասկածյալի ինքնությունը, սակայն լրատվամիջոցները նշում են, որ 71-ամյա տղամարդը գրող է և քաղաքական ակտիվիստ։ Համացանցում տարածված մի տեսանյութում ենթադրյալ կասկածյալը ասում է, որ համաձայն չէ կառավարության վարած քաղաքականության հետ։

59-ամյա Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայում իշխանության էր վերադարձել 2023 թ․ սեպտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո` հինգ տարի ընդդիմության շարքերում լինելուց հետո։ Նախկինում նա Սլովակիայի վարչապետ էր եղել 2006-2010 թթ․ և 2012-2018 թթ․։

Related posts

Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք