Սահմանվել է ՀՀ պետական մրցանակի շնորհման կարգը

ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել են ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխա­տանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու, պետական մրցանակներ շնորհելու և հանձնելու կարգն ու ժամկետները:

ՀՀ պետական մրցանակները շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագոր­ծու­թյուն­ների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին: Դրանք շնորհում է ՀՀ վարչա­պետը` համապատասխան որոշմամբ:

Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ բացառությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակների, որոնք շնորհվում են տարին մեկ անգամ:

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը հանձնվում է երկու տարին մեկ անգամ` յուրաքանչյուր զույգ տարվա սեպտեմբերի 18-ին՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, այդ առիթով գումարված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում:

Մրցանակը ստեղծագործության համահեղինակներին շնորհվելու դեպ­քում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում են նաև կրծքանշան և վկայագիր:

Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետական մրցանակի ներկայացման հայց

Պետական մրցանակի ներկայացման հայցը կարող են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքով նախատեսված անձինք, մարմինները, կազմա­կերպությունները, խորհուրդները և ՀՀ ԳԱԱ նախագահությունը, բաժանմունքները, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը:

Մրցանակի հայցման համար առաջարկությունների ընդունումը մերժվում է, եթե ներկայացվող փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ, աշխատանքն արդեն շահել է միջազգային այլ խոշոր մրցանակ (հինգ հարյուր հազար և ավելի ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգև) կամ միաժամանակ ներկայացվել է նմանատիպ մրցանակի հայցման համար, չեն պահպանվել մրցանակի հայցման համար առաջարկությունները ներկայացնելու համար նախատեսված պայմանները:

Հանձնաժողովը կամ կոմիտեն ներկայացված հայցերն ամփոփում է և ընտրված ստեղծագործությունները ՀՀ պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջար­կություն­ների հետ ներկայացնում ՀՀ վարչա­պետի աշխատակազմ:

ՀՀ պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնա­ժողովի ձևավորում

ՀՀ պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնա­ժողովը կազմված է 10 անդամից, որոնց լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հանձնաժողովի անդամներն իրենց պարտակա­նությունները կատարում են հասարակական հիմունքներով և իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են «Հայաստանի Հանրապե­տության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքով նախա­տեսված նախարարությունների, մարմինների և կազմակերպությունների կողմից սահմանված կարգով և նախատեսված թվաքանակով ներկայացված թեկնածուները:

Հասարակական կազմակերպությունները ներկայացնում են թեկնածու՝ հաշվի առնելով նրա բարձր մասնագիտական որակներ ունենալու և ոլորտի հեղինակավոր մասնագետ լինելու կամ հանրային հեղինա­կություն վայելելու հանգամանքը:

Մրցանակների հավակ­նորդների ընտրություն

Մրցանակների հավակ­նորդների ընտրությունն իրականացվում է՝ հիմք ընդունելով ստեղծագոր­ծությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների արժեքավո­րությունը և նշանակությունը տվյալ ոլորտի զարգացման համար և այլ չափանիշներ:

Ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների մրցանակի թեկնածուների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, ինչպես նաև դրանց կցված նյութերը հանձնաժողովը կարող է ուղարկել անկախ փորձաքննության՝ ելնելով սահմանված չափանիշներից: Փորձաքննությունն անցկացնում են համապատասխան ոլորտի առաջա­տար կազմակերպություններ կամ առանձին փորձագետներ, որոնց ցանկը յուրաքանչյուր տարի որոշում է համապատասխան հանձնաժողովը:

Մրցանակի դափնեկրի թեկնածուին ընտրելու վերա­բերյալ որոշումը հանձնաժողովն ընդունում է փակ քվեարկությամբ, հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների ձայների առնվազն երկու երրորդով:

Հանձնաժողովների անդամներն իրենց ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների համար չեն կարող հավակնել օրենքով սահմանված պետական մրցանակներ ստանալուն:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի թեկնածուների հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցանակաբաշխության կոմիտեն՝ հիմք ընդունելով ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների արժեքավորությունը, նշանակությունը տվյալ ոլորտի զարգացման համար և այլ չափանիշներ:

Related posts

Իրանի օրենսդիրները խնդրում են Խամենեիին թույլատրել ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը. Asriran

Ֆիզիկական անձինք այսուհետ կարող են հայտարարագիրը ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով

207 հազարից ավելի ընտրող, 220 ընտրատեղամաս` Շիրակի մարզում