Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-20-ը։ Դիտորդների թվում են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԲՐԻԿՍ-ի 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ելույթ ունենալով` նշել էր, որ այս ընտրությունները շատ առումներով վճռորոշ են և պետք է անցկացվեն օրենքի խիստ պահպանմամբ։
«Նման լայնածավալ քարոզարշավ է անցկացվում հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Վստահ եմ, որ մեր զինվորներն ու սպաները, որոնք ներկայում իրականացնում են դժվարին մարտական գործողություններ, նույնպես ակտիվորեն կմասնակցեն քվեարկությանը։ Նրանց քաջությունն ու հայրենիքի հանդեպ հավատարմությունը օրինակ են ամբողջ երկրի համար։
Խնդրում եմ ձեզ իրացնել ձեր սահմանադրական իրավունքը և կայացնել մտածված, պատասխանատու որոշում, որպեսզի ընտրությունների արդյունքները հաստատեն ռուսական հասարակության հասունությունն ու դիմացկունությունը։ Սա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, խոչընդոտել նրա զարգացումը և զրկել մեզ մեր ինքնիշխանությունից և մեր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Ընտրություններին մասնակցությունը մեր համատեղ ներդրումն է Ռուսաստանի հաղթանակում»,- հայտարարել էր Պուտինը։
ՌԴ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն՝ «Միասնական Ռուսաստանը», Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ուղիղ ժողովրդավարություն» կուսակցությունը, «Կանաչները», «Արդար Ռուսաստան», «Հայրենիք», Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը, Կենսաթոշակառուների կուսակցությունը, Ռուսաստանի կոմունիստները և «Նոր ժողովուրդը»։ Ընդհանուր առմամբ, նրանք առաջադրել են 4500 թեկնածու։
Ընտրողների ընդհանուր թիվը 111 037 047 է, որոնցից 1 816 504-ը գտնվում են Ռուսաստանից դուրս։
Հեռակա էլեկտրոնային քվեարկությունը հասանելի է 32 մարզում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև պայմաններ է ապահովել զինծառայողների քվեարկության համար:
Արտերկրում գտնվողների համար 152 երկրում բացվել է 333 ընտրատեղամաս։