Ռուսական զորքերը արդեն երեք գիշեր է՝ Ղրիմի կամրջի պայթյունից հետո «պատասխան գրոհ» են սկսել Ուկրաինայում. կան զոհեր

Ռուսաստանը հրթիռներով և կամիկաձե դրոններով կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ուղղությամբ։ Սա արդեն երրորդ անընդմեջ «պատասխան հարձակումն» է, ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է անվանել գնդակոծությունը, Ղրիմի կամրջի պայթյունից հետո։

Հուլիսի լույս 20-ի գիշերը հիմնական հարվածը կրկին բաժին է ընկել Օդեսային, որտեղ գտնվում է խոշոր առևտրային նավահանգիստ, որտեղից մինչև վերջերս հումանիտար միջանցքով դուրս էին գալիս ուկրաինական հացահատիկով բեռնված նավերը։ Քաղաքը գրոհել են ավելի քան քսան «օդային թիրախներով», հայտնել է «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը։ Հարվածները հասցվել են «Օնիկս», Х-22 և «Իսկանդեր» հրթիռներով։ Բացի դրանից, կիրառվել են դրոններ։ Արկերից մեկը թռչել է Օդեսայի կենտրոն, ինչի հետևանքով շենք է փլուզվել և 300 քմ տարածքում հրդեհ է բռնկվել, հաղորդել է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նրա խոսքով՝ երկու մարդ հոսպիտալացվել է։ Օդեսայի կենտրոնը հոսանքազրկվել է ուժեղ պայթյունից հետո, հաղորդում են տեղի Telegram-ալիքները։

Բացի դրանից, հարվածներ են հասցվել Օդեսայի մարզի պահեստներին, հայտնել է «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը: Վիրավորվել է չորս մարդ։

Նիկոլաևում հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով տուժել է առնվազն 18 մարդ, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։ Նրա խոսքով՝ կան զոհեր, սակայն նա չի նշել նրանց թիվը։

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը