Պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՇՄՆ-ն՝ COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ:

«Ի պատասխան Ազգային ժողովում COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ հնչած հայտարարությունների՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ փաստերը։

Նախ ընդգծենք, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների գնահատմամբ։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները տարվա ընթացքում բազմիցս այցելել են Հայաստան, անձամբ ուսումնասիրել և գնահատել հնարավոր տարածքները, ընտրել համաժողովի անցկացման համար համապատասխան վայրերը, ինչպես նաև ներկայացրել դրանց վերափոխման, տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների և անվտանգության ապահովման պարտադիր պահանջները։

Հետևաբար, տարածքների ընտրությունն ու դրանց հարմարեցման աշխատանքները չեն իրականացվել ՀՀ կառավարության հայեցողությամբ, այլ պայմանավորված են եղել նման մասշտաբի միջազգային համաժողովի կազմակերպման համար ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներով և պահանջներով։

COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախնական նախատեսվել է 18.5 մլրդ դրամ։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ COP17-ի կազմակերպման շրջանակում բոլոր գնումներն իրականացվում են ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներին համապատասխան, և Հայաստանը՝ որպես համաժողովը հյուրընկալող երկիր, պարտավոր է պահպանել այդ չափորոշիչները՝ առանց դրանցից շեղվելու։

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի № 1187-Ա որոշմամբ թույլատրվել է համաժողովի կազմակերպման մասնագիտացված ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից գնման ձևով։

Չնայած դրան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է հրապարակային նախաորակավորման գործընթաց՝ ապահովելու մրցակցային միջավայր և ընտրության թափանցիկություն։

2025 թվականի օգոստոսի 25-ին նախարարության պաշտոնական հարթակներում հրապարակված հայտարարությանը հայտ է ներկայացրել 12 կազմակերպություն, այդ թվում՝ 2 օտարերկրյա։ Սահմանված պահանջներին համապատասխանող 10 կազմակերպությունների ցանկը փոխանցվել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը։

Ցանկը փոխանցելուց հետո կազմակերպությունների ընտրության և գնահատման գործընթացն իրականացվել է ՄԱԿ-ի կողմից՝ առանց Շրջակա միջավայրի նախարարության միջամտության։ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը հատուկ այդ նպատակով ժամանել է Հայաստան, անձամբ հարցազրույցներ է անցկացրել ցանկում ընդգրկված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և իրականացրել դրանց գնահատումն ու ընտրությունը։

Այսպիսով, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրությունը նախարարության միանձնյա որոշման արդյունք չի եղել։

Հետևաբար, առանց որևէ ընտրության գործընթացի կազմակերպություն ընտրելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

COP17-ի կազմակերպման գործընթացը պետք է գնահատել ոչ թե կամայական շուկայական համեմատություններով, այլ միջազգային համաժողովի անցկացման համար սահմանված տեխնիկական, կազմակերպչական և անվտանգության պահանջների համատեքստում»,- ասվում է հայտարարությունում։

Related posts

COP17-ին մինչ այս պահը գրանցվել է 13 հազարից ավելի մասնակից. Թուրքիայից և Ադրբեջանից ներկայացուցիչների մասին դեռ տեղեկություն չկա

Նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը. վարչապետ

Մենք ուզում ենք մեր անկախությունը ուժեղացնել, ամրապնդել և զարգացնել. վարչապետ