Պետությունը կաջակցի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներին

Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ որոշման նախագծով առաջարկվում է աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով և աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով, պետական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) հետ։ Աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100000 դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500000 դրամի չափով: Միջոցառումը կիրականացվի Զբաղվածության կարգավորման 2021թ. պետական ծրագրին հատկացված բյուջեի շրջանակում: Այն վերաբերելու է ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով, այնպես էլ ընդհանուր առմամբ երբևէ ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած բոլոր նախկին զինծառայողներին: Նախարարի խոսքով՝ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ներգրավմամբ ծրագիրը ներկայացվելու է շահառուներին:

Վարչապետը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է հետևյալը. «Կարծում եմ՝ շատ կարևոր ծրագիր է, և այսպիսի գաղափարներ նախկինում էլ մենք քննարկել ենք այլ ոլորտներում: Կարծում եմ՝ այս ծրագրի փորձառությունը կլուծի նախկինում մեր ունեցած մի շարք բանավեճեր, և մենք հետևություն կարող ենք անել, թե այս գործիքը որքանով է նպաստում աշխատաշուկայի աշխուժացմանը: Այս պահին անում ենք հետևյալը. եթե հաշմանդամություն ունեցող անձին գործատուն ընդունում է աշխատանքի, և կա հարմարեցումների խնդիր, պետությունը 500 հազար դրամի չափով աջակցում է գործատուին՝ թեքահարթակ և այլ, ամենատարբեր հարմարեցումների համար որպես աջակցություն: Մեր կանխավարկածն այն չէ, որ դա 500 հազար դրամ է արժենալու՝ դա կարող է արժենալ ավելի շատ կամ ավելի քիչ: Պարզապես պետությունը, կառավարությունն այս չափով իր մասնակցությունն է ցուցաբերում և եռամսյակի կտրվածքով 100 հազար դրամ եկամտային հարկից նվազեցվում է: Այսինքն՝ տարվա կտրվածքով դա արդեն կլինի 400 հազար դրամի չափ»:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ԱՍՀ նախարարին միջոցառման մեկնարկից որոշ ժամանակ անց ներկայացնել արդյունքների վերաբերյալ հաշվետվություն՝ ծրագրի արդյունավետությունը գնահատելու և այլ ոլորտներում ևս նմանատիպ գործիքների կիրառման նպատակահարմարությունը քննարկելու համար:

Related posts

Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. ՄԱԿ

Կիրանցում չափագրական աշխատանքներ են իրականացվում

Հոսանքազրկումներ Երևանում ու մարզերում