Պետական բյուջեից 558 մլն դրամ հափշտակած անձինք կալանավորված են. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քաղաքացիներ Գ.Ն.-ն և Հ.Ք.-ն, 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին, կեղծել են իրավաբանական նշանակություն ունեցող պաշտոնական փաստաթղթեր, պատրաստել են կեղծ կնիքներ, որոնց հիման վրա՝ խաբեության եղանակով, պետական բյուջեից հափշտակել են 558 մլն 200 հազար դրամ:

Բացի դրանից՝ հանցավոր ճանապարհով ստացված՝ պետությունից խարդախությամբ հափշտակված 558 մլն 200 հազար դրամի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակը, տեղաշարժը թաքցնելու (փողերի լվացում կատարելու) նպատակով՝ Գ.Ն.-ն գումարները փոխանցել է իրենց կողմից նախապես հիմնադրված ընկերությունների տարբեր բանկային հաշիվներին, ապա կանխիկացրել դրանք բանկային հաշիվներից:

Դատախազի որոշմամբ 2023 թվականի մայիսի 8-ին Գ.Ն.-ի և Հ.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):

2022 թվականի օգոստոսին Գ.Ն.-ի և Հ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

2023 թվականի մայիսի 15-ին հսկող դատախազը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ