Պետական աջակցություն կստանան այն գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին

Կառավարությունը հաստատել է Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման միջոցառումը: Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքի են ընդունել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց)` նրանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով։ Ըստ այդմ՝ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք 2021 թվականի մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին այն զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) հետ, որոնք 2021 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սույն միջոցառման շրջանակում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա չեն հանդիսացել հարկ վճարող։ Նշված անձանց զբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է աջակցություն տրամադրել այդ անձանց աշխատանքի ընդունած գործատուներին՝ նրանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով։ Ընդ որում, աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով: Միջոցառման շրջանակում աշխատատեղի հարմարեցման համար աջակցության տրամադրումը նախատեսվում է իրականացնել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա։

Ըստ հիմնավորման՝ hանրապետությունում զինծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ կազմում է 9834։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում