Արտակարգ իրավիճակների լուսաբանման ընթացքում լրագրողների անվտանգության ապահովումը, հնարավոր ռիսկերի գնահատումն ու փրկարարների հետ արդյունավետ համագործակցությունը։ Այս հարցերն են քննարկվել Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ինչպես լրագրողներ, այնպես էլ ընկերության կամավորներ։
Հայկական Կարմիր խաչի ընկերության տեղեկատվության և հանրային կապերի պատասխանատու Արթուր Հովհաննեսյանի խոսքով՝ լրագրողները մասնագիտական գործունեության ընթացքում երբեմն նույնիսկ չգիտակցելով հայտնվում են վտանգավոր գոտիներում, ուստի կարևոր է, որ նրանք տիրապետեն անվտանգության կանոններին և կարողանան դրանք կիրառել գործնականում։