Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Ներկայում, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: 2023 թվականի ընթացքում ՔՕ 461 և 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ: Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է խստացնել Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով և 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:

Մասնավորապես, առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու՝ 461-րդ հոդվածում պատժաչափը՝ 2-5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկման: Վարժական հավաքներից խուսափելու՝ 462-րդ հոդվածում առաջարկվում է «սանկցիայի տուգանք» պատժատեսակի չափն ամսական եկամտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը ,քսանապատիկի չափովե բառերը փոխարինել «տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը «երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով» բառերով: «Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են նպաստել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը»,- նշել է Գևորգ Քոչարյանը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:

Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են պարտադիր զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից զարտուղի ճանապարհներով խուսափելուն վերաբերող խնդիրներին, հարցի հասարակական վերահսկողությանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է պատգամավորների կողմից բարձրացված հարցադրումներին ու դիտարկումներին:

Նախագիծն արժանացել է դրական եզրակացության:

Հաջորդիվ քննարկվել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ առաջարկվող փոփոխության՝ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հեղինակը հետ է կանչել նախագիծը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից