Պատմության մութ էջերը չպետք է մոռանալ. Ռումինիայի խորհրդարանում խոսվել է Հայոց ցեղասպանության մասին

Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, ազգությամբ հայ Վարուժան Փամբուկչյանն իր գործընկերներին պատմել է Հայոց ցեղասպանության և իր մազապուրծ ընտանիքի պատմության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ռումինական «Agerpres» գործակալությունը:

Պատգամավորը նշել է, որ 106 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1,5 մլն հայ:

«Նրանք ունեցել են իրենց կրոնից՝ քրիստոնեությունից, մշակույթից և լեզվից հրաժարվելու ու փրկվելու հնարավորություն, սակայն շատ քչերն են արել դա»,- նշել է Փամբուչյանը:

Վարուժան Փամբուչյանը հայտնել է, որ իր ընտանիքին հաջողվել է փրկվել և բնակություն հաստատել Ռումինիայում, որտեղ էլ ծնվել է ինքը: Ռումինացի պատգամավոր Միրսիա Չելարուն ընդգծել է, որ պատմության նման մութ էջերը չի կարելի մոռանալ և մերժել դրանք:

Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու և նրանց հիշատակը վառ պահելու վերաբերյալ ելույթներով հանդես են եկել նաև այլ պատգամավորներ:

Ապրիլի 27-ին Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի լիագումար նիստում առաջին անգամ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լսումներ, որին ելույթներով հանդես են եկել բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները՝ շեշտելով ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը 2021-ի ապրիլի 24-ին նշում էր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Ցեղասպանության 106-րդ տարելիցի օրն իր ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Related posts

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. Կիրանց գյուղ մեկնած զինծառայողներն ուղերձով դիմել են հանրությանը

Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ

Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը