Պատմական թռիչք․ հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվեց տիեզերք


Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով նոյեմբերի 18-ին բաց տիեզերք է ուղարկվել «Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը (payload)։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են դպրոցից, «Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և բաց թողնվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն: Այսինքն, հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։

Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։

Վերջին երկու չափումները կատարող տվիչները նախատեսվել և առաջարկվել են AYAS (Armenian Youth Aerospace Society) թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին հետ է ընկնելու։

Սարքը ինժեներական ակումբի 2021-2022 ուսումնական տարվա նախագծի արդյունքն է։ «Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են արդեն շրջանավարտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 12-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենտորներն են ինժեներական ակումբի ղեկավարներ Վազգեն Գաբրիելյանը և «Այբ»-ի շրջանավարտ Ռուբեն Քերոբյանը։

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել էր 2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթի հաղթող։

«Այբ»-ի աշակերտների նախագծած սարքն ուղարկվել է տիեզերք որպես մրցույթի հաղթող։

Related posts

Վրաստանում ցուցարարներին բերման են ենթարկում. հատուկջոկատայիններ են մոբիլիզացված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում՝ հսկելու ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ. Բորտնիկով

Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այդ կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին