Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողությամբ ուսումնասիրվել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրականացրած գույքի հարկադիր իրացման գործընթացի օրինականությունը։ Այս մասին տեղեկացնում են ՊՎԾ-ից:

Վերահսկողությամբ պարզվել է, որ 2025 թվականին 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ 2» ՓԲ ընկերության՝ 420.8 մլն դրամ գնահատված շուկայական արժեքով գույքի իրացման ընթացքում, սնանկության հիմքերի առկայության պայմաններում, կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշումը և ընկերությանը 90-օրյա ժամկետում սնանկության դատարան դիմելու առաջարկն ուղարկվել են սխալ հասցեով։ Արդյունքում ընկերությունը զրկվել է օրենքով նախատեսված գործողությունները պատշաճ ժամկետում իրականացնելու հնարավորությունից։
Բացի այդ, հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման մեջ ներառվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ գույքի գրավադրված լինելու և 6.07 մլրդ դրամի պարտավորությունների նոր սեփականատիրոջը փոխանցվելու վերաբերյալ։
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սակարկությունների կարգի խախտման արդյունքում գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկատվությունը սահմանափակել է այլ անձանց մասնակցության իրական հնարավորությունը, և գույքն աճուրդում իրացվել է շուրջ 250․0 մլն դրամով ցածր՝ 167.8 մլն դրամ գնով։
Փաստվող դեպքի առթիվ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն․ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related posts

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ