Խաղաղություն անհրաժեշտ է TRIPP-ի գործարկման համար, և այդ խաղաղությունն արդեն կա. Միրզոյան

TRIPP նախագծին առնչվող համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է TRIPP-ը գործարկվի մինչև խաղաղության պայմանագրի վերջնական վավերացումը:

«Քանի որ մեր պարտավորությունները ԱՄՆ-ի առաջ են, և մենք այնտեղ չտեսանք որևէ զուգահեռ վերջնական խաղաղության պայմանագրի հետ (կարող եք ուղղել ինձ, բայց մենք չտեսանք), կարո՞ղ է այնպես լինել, որ TRIPP-ը գործարկվի, բայց խաղաղության պայմանագիրը չստորագրվի կամ դեռ չստորագրվի»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ հարցը տեղին է. «Հանգիստ կարող եմ ասել՝ այո՛, կարո՛ղ է:

Մենք տեսնում ենք երկու բան. նախ՝ խաղաղության պայմանագիրն արդեն իսկ նախաստորագրված է, և Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել, դիրքորոշում են հայտնել, որ այս պայմանագիրը կա: Մենք, կոպիտ ասած, հավատում ենք սրա ամեն տառին, ամեն դրույթին, կասկածի տակ չենք դնում:

Այլ պատճառով Ադրբեջանն ասում է՝ առայժմ չենք ստորագրում, ինքն էլ դեռ իր կողմից ավելացնում է՝ որ օրն այդ պատճառը վերանա (հիմա դա առանձին թեմա է, չեմ ուզում դրա մասին նշել, բոլորիս քաջ հայտնի է), մյուս օրը կստորագրենք, և ոնց որ թե տեսնում ենք Ադրբեջանի կողմից այս դիրքորոշման նորանոր ամրապնդումներ:

Մյուս կողմից, որպես իրողություն, այն պայմանը, այն միջավայրը, որը պետք է լինի, որ, օրինակ, մենք հիմա կհավաքվեինք և կասեինք՝ այ սա պետք է լինի, որ արդեն TRIPP-ը գործարկվի, կա այդպիսի միջավայր. դրա անունն է խաղաղություն:

Մյուս կողմից՝ փաստաթութը՝ փաստաթուղթ, բայց իրականության մեջ տեսնում ենք իրական խաղաղություն: Այսօր զինվորներն իրար չեն կրակում, այսօր բեռներ են անցնում՝ մեզ համար առայժմ: Մենք պատրաստ ենք նաև իրենց բեռները մեր տարածքով ճանապարհել: Հետևաբար, խաղաղություն անհրաժեշտ է TRIPP-ի գործարկման համար, և այդ խաղաղությունն արդեն կա»,- ասաց նախարարը:

Միրզոյանն առաջարկեց նաև դիտարկել մեկ այլ իրողություն. «Իսկ գուցե TRIPP-ը լինի, և կամ այլ նախագծեր համագործակցեն, ընդհուպ՝ քաղհասարակությունների այցեր և այլն, և այս բաներն իրենց հերթին գան ամրապնդելու գործող խաղաղությունը և մոտեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրումը: Առաջարկում եմ նաև այս հայացքով նայել»:

Related posts

Հանրապետության առանձին շրջաններում՝ փոփոխական եղանակ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների

Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատարին

3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ